Իրանական գործոնն ու հայերի խոցելիությունը. մոտալուտ փլուզման աշխարհաքաղաքականությունը

Իրանական ճգնաժամը վաղուց դուրս է եկել ներքին սահմաններից և աշխարհաքաղաքական գործընթացների մաս է դարձել. Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները։
Sputnik
Իրանում ընթացող բողոքի ցույցերը սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով քաղաքացիական դիրքորոշման զանգվածային դրսևորում չեն. շարքային քաղաքացիների դժգոհությունն ավելի խոր գործընթացների մաս է դարձել։
Իրականում փորձ է արվում ապամոնտաժել եվրասիական տարածքի առանցքային պետություններից մեկը, որի գոյությունը տասնամյակներ շարունակ ռազմավարական հավասարակշռություն է ապահովել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
«Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ է ընթանում». Արաղչին հանդիպել է օտարերկրյա դեսպանների հետ
Հայաստանի համար Իրանի հնարավոր թուլացումը կամ փլուզումը գոյաբանական հետևանքներ ունի։ Եվ սա բոլորովին էլ չափազանցություն չէ։
Իրանը՝ որպես աշխարհաքաղաքական «խարիսխ», տարածաշրջանը փաստացի զերծ է պահում խոր ցնցումներից: Իրանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը արգելափակում են մի շարք նախագծեր, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վերաձևավորմանը ի շահ Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի։
Իրանի նկատմամբ վերահսկողությունը նշանակում է`
ելք դեպի Ռուսաստանի հարավային սահմաններ և Կասպից ծովի տարածաշրջան,
անմիջական ճնշում Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա,
Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ հիմնական տրանսպորտային և էներգետիկ միջանցքների զավթում,
Չինաստանի ռազմավարական շրջափակում արևմուտքից։
Հենց այս պատճառներով է Իրանը դիտարկվում որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևավորման ճանապարհին առկա վերջին համակարգային խոչընդոտներից մեկը։
Իրանի ապակայունացման կամ փլուզման դեպքում տարածաշրջանը դոմինոյի էֆեկտ կունենա։ Նրա տարածքում քվազիպետությունների ձևավորումը անխուսափելիորեն կհանգեցնի`
թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացման,
Իրանում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների, քրդերի և բելուջների «պարսից լծից թվացյալ ազատագրման» քողի ներքո զավթողական նախագծերի օրինականացման։
Շարունակվող բողոքի ցույցերը կհանգեցնեն տարածաշրջանում հակաիրանական պրոքսի–խմբավորումների դերի մեծացման և Իրանում իրավիճակի ապակայունացման, որին կհաջորդի Ռուսաստանի և Չինաստանի աշխարհառազմավարական շահերի ողջ երկայնքով տրանսպորտային միջանցքների և սահմանների ռազմականացումը։
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար
Առանձնակի մտահոգիչ է այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը, ինչն անմիջականորեն անդրադառնում է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա։
Հայաստանի համար Իրանը ոչ միայն հարևան է, այլև ռազմավարական հավասարակշռություն ապահովող երկիր։ Իրանի թուլացումը ինքնաբերաբար նշանակում է`
Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացում, որտեղ թուրք–ադրբեջանական առանցքը ճնշման տարածք է ստանում,
այլընտրանքային լոգիստիկ երթուղիների կորուստ, այդ թվում` ծայրահեղ կարևորություն ունեցող Հյուսիս–հարավ միջանցքը,
տնտեսական և էներգետիկ խոցելիության կտրուկ ուժեղացում,
ռազմական և հիբրիդային սպառնալիքների աճ, այդ թվում` «խաղաղ նախաձեռնությունների» և «տարածաշրջանային նախագծերի» քողի ներքո։
Փաստորեն խոսքը Հայաստանի ռազմավարական մենակության վիճակի անցնելու մասին է՝ ուժերի չափազանց անբարենպաստ հավասարակշռության պայմաններում։
«Հարավային Ադրբեջան» նախագիծը մարգինալ գաղափար չէ, այլ աշխարհաքաղաքական ճնշման երկարաժամկետ գործիք։ Դրա իրականացումը ցանկացած ձևաչափով՝ ինքնավարություն, կոնֆեդերացիա կամ պրոքսի–պետություն, նախադեպ է ստեղծում սահմանների վերանայման համար այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանը շարունակում է մնալ ամենախոցելի օղակը։
Այս համատեքստում Իրանի թյուրքալեզու բնակչության «ուղեղների լվացումը» անմիջական հակաիրանական և հակահայկական բնույթ է ստանում։ Խոսքը Հարավային Կովկասի վրա հետագա ճնշման համար հարթակ ձևավորելու մասին է։
Հատկապես վտանգավոր է այն պատրանքը, որ իրանական ճգնաժամը Հայաստանին չի վերաբերում։ Տարածաշրջանի պատմությունը բազմիցս է ցույց է տվել, որ երբ խոշոր պետությունները փլուզվում են, փոքր երկրները ոչ թե դիտորդների դերում են հայտնվում, այլ ազդեցության վերաբաշխման օբյեկտ են դառնում։
Իրանի թուլացումն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանային համաձայնագրերի վերանայման, արտաքին խաղացողների ռազմական ներկայության ուժեղացման և Հայաստանի վրա ճնշման աճի՝ «տարածաշրջանային կայունացման» և «նոր տրանսպորտային հնարավորությունների» պատրվակի քողի տակ։
Իրանի հարցը այդ երկրի քաղաքական համակարգի նկատմամբ համակրանքի հարց կամ գաղափարական քննարկումների առարկա չէ։ Հայաստանի համար սա ռազմավարական գոյատևման հարց է։
Իրանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը ուղղակիորեն կապված է տարածաշրջանում նվազագույն աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման հետ։
Հայկական հասարակական և քաղաքական դիսկուրսում այդ փաստի գիտակցման բացակայությունը լուրջ ձախողում է Հայաստանի ինքնիշխանության և անկախության ռազմավարական ապահովման գործում։ Բացասական սցենարի դեպքում վերագնահատման ժամանակ չի լինի։
Ահա թե ինչու է պետք իրանական ճգնաժամը դիտարկել ոչ թե որպես «օտարի խնդիր», այլ որպես 21-րդ դարում Հայաստանի ազգային անվտանգության առջև ծառացած առանցքային մարտահրավերներից մեկը։