Հայ-ռուսական հարաբերություններում պակասում է լուրջ, ազնիվ և բովանդակային զրույցը. Աշոտյան

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՌԴ հանրային դեմքերի հայտարարություններից հետո հայտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են ձեռքերը տաքացնել այդ կրակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում պակասում է լուրջ, ազնիվ և բովանդակային զրույցը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին։
Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է` Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ իր ազդեցությունը կորցնի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում իրականացվող գործողությունների և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
«Իրենք են ասում՝ «восток дело тонкое»։ Եթե «дело тонкое», ապա ինչո՞ւ են հիմքեր տալիս տարաբնույթ «ճտպտացողների», որ ռուսաֆոբիա տարածեն։ Մեր դաշտի մի մասը չափից ավելի «սեր» է, մյուս մասն էլ՝ վճարված «ֆոբ»։ Ֆոբիայի և սիրո արանքում, բնականաբար, կա ընկերություն, ռազմավարական դաշնակցություն, կա համատեղ պատմություն, մշակույթ, ապագա և անցյալ։ Այս երկու բևեռների՝ մոլության և ատելության մեջ, կորում է հայ-ռուսական հարաբերությունների աղը»,– ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ հանրային դեմքերի կողմից նման հայտարարություններից հետո հայտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են ձեռքերը տաքացնել այդ կրակի վրա։ Միևնույն ժամանակ նա քննադատողներին հորդորեց ընտրովի հայրենասեր չլինել և արձագանքել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատյաց հայտարարություններին։ Աշոտյանը նշեց, եթե գործող իշխանությունը վախենում է Ալիևից, գոնե թող Ադրբեջանի ԱԳ նախարարին պատասխանի։
ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին