ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Երևանում 18–մետրանոց 250 ավտոբուսի մուտքով կստեղծվի նոր կարգավորումների հնարավորություն, իսկ որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտից հնարավոր կլինի արգելել այլ մեքենաների մուտքը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«18-մետրանոց 250 ավտոբուսի ներկրման ծրագիրը ամփոփում է տրանսպորտային ռեֆորմի առաջին փուլը։ Սրանով մենք կլուծենք մի քանի խնդիր։ Առաջինը խցանումներն են։ Որոշակի կարգավորումների հնարավորություն կունենանք մարդատար մեքենաների համար, որոնք քանակապես ամեն տարի ավելանում են։ Ստեղծելով հանրային տրանսպորտի մեր նոր համակարգը` մենք կարողանալու ենք որոշ փողոցներում արգելել մարդատարների մուտքը։ Ամեն 18-մետրանոց ավտոբուս փոխարինում է 80-100 ավտոմեքենայի»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ գործոնն այն է, որ օդի որակի մասով էլ բարելավում կլինի, քանի որ արտանետումներ այդ ավտոբուսները չեն ունենում, քանի որ էլեկտրական են։ Ընդգծեց՝ 250 ավտոբուսը հնարավոր է` փոխարինի 25 000 թեթև մարդատարի ու այդքան ավտոմեքենայի արտանետում դուրս կգա քաղաքից։
Հիշեցնենք` 2025թ–ի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանում տրանսպորտային ցանցն ամբողջականացնելու համար դեռևս հարկավոր է 18-մետրանոց 249 ավտոբուս և 12-մետրանոց 30 տրոլեյբուս։ Նա նաև հիշեցրեց, որ այդ թվերի մեջ ներառված չեն 2026-ին գնվելիք 45 տրոլեյբուսը։