ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ իշխանությունները դատապարտում են ռուս վերլուծաբանի հայտարարությունը, սակայն տարիներ շարունակ լուռ են Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարություններին։
Սոլովյովն իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է` Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ իր ազդեցությունը կորցնի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում իրականացվող գործողությունների և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող այլ երկրներում հնարավոր նմանատիպ գործողությունների միջև (առանց կոնկրետ երկրներ նշելու):
«Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում։ Իսկ դուք պատրա՞ստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում և սպառնում են Հայաստանին»,- նշում է Սաղաթելյանը։
Նա նաև հիշեցնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ են ստորագրել։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն էլ հայտարարել էր, որ ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի, որպեսզի Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայքարի «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արել են Մոլդովայում»։
Ըստ Սաղաթելյանի՝ մի կողմից իշխանությունները խնդրում են արտաքին ուժերին ուղիղ ներգրավվել ընտրական գործընթացներին, մյուս կողմից մեկ վերլուծաբանի խոսքը ներկայացնում են որպես ինքնիշխանության դեմ հարձակում։
«Այնպես որ, մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք, և՛ սնուցող աղբյուրը»,- եզրափակում է Սաղաթելյանը։
Հավելենք նաև, որ ինչպես հայտնի է դարձել՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ արտաքին գործերի նախարարություն են հրավիրել և բողոքի նոտա փոխանցել՝ Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ։