ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում, թեև ունենք տնտեսական բարձր, տպավորիչ աճի վիճակագրություն, սակայն այն ներառական չէ, այսինքն` ՀՆԱ–ն ձևավորվում է կոնկրետ ոլորտների` ծառայությունների, շինարարության բարձր աճի շնորհիվ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կառավարության վերջին նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։
Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ–ն ավելի քան կրկնապատկվել է․ եթե 2017 թ․ 1 շնչին բաժին ընկնող տարեկան ՀՆԱ–ն 3872 դոլար էր, ապա 2025 թ․՝ գրեթե 9 400 դոլար։
«Վատ չէ, որ վերոնշյալ ուղղություններում այսօր ունենք աճ, վատն այն է, որ դրան զուգահեռ մենք այլ ուղղություններում որակական փոփոխություններ չենք տեսնում. տնտեսության համար առանցքային ոլորտներում էական տեղաշարժ չկա։ Այս դեպքում հարց է առաջանում՝ որքանո՞վ է կայուն այսօրվա տնտեսական աճը, քանի որ հասարակության բարեկեցության ապահովման համար շատ կարևոր է, որ այն լինի կայուն և հեռանկարային»,– ընդգծեց տնտեսագետը։
Նրա խոսքով` տնտեսական աճը գրանցվում է ըստ վիճակագրության, սակայն սովորական քաղաքացին այդ աճն իր վրա չի զգում։ Սա, ըստ Ամիրխանյանի` նշանակում է, որ տնտեսության բովանդակային աճ չկա. վերջին տարիներին մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ունեցանք տնտեսական աճ, որը, սակայն, ուներ կոնկրետ պատճառներ` ոսկու վերարտահանում, ռուս–ուկրաինական պատերազմ, ինչպես նաև շինարարության ոլորտի բում, անշարժ գույքի շուկայի գների կտրուկ աճ։
Տնտեսագետն ընդգծում է` այս ամենը ցույց է տալիս, որ մենք մինչ օրս գտնվում ենք տնտեսական ժամանակավոր ազդեցությունների ներքո, որն իհարկե իր դրական ազդեցությունը թողել է մակրոտնտեսական վիճակագրության վրա, սակայն հեռանկարային աճի տեսանկյունից խնդիրներ կան։
«Օրինակ` մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում ունենք խնդիրներ։ Այս ոլորտները ևս ժամանակավորապես, հիմանականում արտաքին գործոնների ազդեցության տակ երբեմն գրանցում են աճ, սակայն դա նույնպես կայուն չէ. չկա աճի ու գործունեության կայուն հիմք»,– ընդգծեց Ամիրխանյանը։
Հարցին, թե արդյոք Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններն առաջիկա ընտրությունների համատեքստո՞ւմ են արվել` տնտեսագետը պատասխանեց, որ դա ընդամենը սովորական դարձած քարոզչական ձեռագիր է, որը այսօրվա իշխանությունը գործածում է միշտ։
«Այսինքն՝ Փաշինյանի կողմից ինչ–որ հատվածական վիճակագրություն կամ միջինացված ցուցանիշ որպես դրական երևույթ ներկայացնելը նորություն չէ, ծանոթ ձեռագիր է, որը, բնականաբար, ընտրություններից առաջ փորձում է էլ ավելի ակտիվացնել»,– եզրափակեց տնտեսագետը։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների` 2025 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8.3% (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։
Շինարարության ոլորտում շրջանառությունն աճել է 20.1%-ով, ծառայությունների ոլորտում` 10.9%-ով։
Արդյունաբերության աճը գրեթե զրոյական է եղել (+0.5%)։