ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թեհրանի մոտ գտնվող Բահարեստան քաղաքում Իրանի իշխանությունները ձերբակալել են անկարգությունների մոտ 100 զինված մասնակիցների։ Այս մասին գրում է Tasnim–ը։
Հաղորդվում է, որ իշխանությունների տվյալներով` նրանք խախտել են հասարակական կարգը և զենք են կիրառել քաղաքացիների և անվտանգության ուժերի դեմ։
Գործակալությունը հաղորդում է, որ Ռուդբար քաղաքում էլ ոստիկանության բաժնի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության հրամանատարը` Մոհամադ Պուր Էբրահիմը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։