ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում ստարտափ է ստեղծվել, որն օգնում է բիզնեսին վերլուծել վնասակար արտանետումների վերաբերյալ տվյալները և դրանց կրճատման ծրագրեր կազմել։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Grintraq նախագծի համահիմնադիր և գործառնական տնօրեն Վյաչեսլավ Կասյանովը, Հայաստանում պոտենցիալ շուկա փնտրելիս ընկերությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ հանրապետությունը ստորագրել է Փարիզյան համաձայնագիրը, որը երկրներին պարտավորեցնում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
«Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս համաձայնագրի պարտավորեցնող ուժը կմեծանա: Մի շարք երկրներում արտանետումների մասին հաշվետվությունները բիզնեսի համար դարձել են պարտադիր, և Հայաստանի համար, կարծում եմ, դա ժամանակի հարց է` մանավանդ հաշվի առնելով, որ այս տարի Երևանը հյուրընկալելու է COP17 կլիմայական գագաթնաժողովը: Հավելեմ, որ արտանետումների կրճատումը ձեռնտու է նաև հենց բիզնեսին, քանի որ նվազեցնում է նյութական ծախսերը»,-հայտարարեց Կասյանովը:
Ստարտափը ստեղծել է հարթակ, որտեղ ներբեռնվում, ապա ինքնուրույն կերպով վերլուծվում են արտանետումների մասին տվյալները, ինչից հետո դրանց կրճատմանն ուղղված խորհուրդներ են տրվում։
Կասյանովի խոսքով՝ աշխարհում նմանատիպ նախագծեր գոյություն ունեն, սակայն դրանք արտադրանք են ստեղծում հիմնականում խոշոր ընկերությունների համար, մինչդեռ հայկական ստարտափը լուծումներ կառաջարկի ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի համար: