ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները համընկնում են, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Հաքան Ֆիդանի կարծիքով՝ այս զուգադիպությունը վերաբերում է ամեն ինչին՝ Ռուսաստանից մինչև հայ-ադրբեջանական իրավիճակ, Սիրիայից մինչև այլ տարածաշրջաններ։
Թուրք նախարարը TRT Haber-ին տված հարցազրույցում նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը Երևանին դրդում է Բաքվի հետ խաղաղություն կնքել:
Նա նաև գովել է Թրամփին՝ Ադրբեջանին «կարևորելու» համար:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Դեկտեմբերի 18–ին կայացել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։
Հավելենք, որ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: «Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք, կա միայն ուժ, համագործակցություն և փոխադարձ աջակցություն։