Աբբաս Արաղչին պատասխանել է գահընկեց արված շահի որդու՝ իշխանությունը բռնի զավթելու կոչին

Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի միջամտել Իրանի ներքին գործերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխանել է գահընկեց արված շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին։ Վերջինս ավելի վաղ, ըստ էության, ցուցարարներին Իրանում իշխանությունը բռնի զավթելու կոչ էր արել։
1979 թվականին գահընկեց արված իրանցի շահի որդին՝ Փահլավին, այսօր X սոցցանցում Իրանի բնակիչներին ուղղված հերթական տեսաուղերձն էր հրապարակել: Իր ուղերձում նա համընդհանուր գործադուլի կոչ էր արել, իսկ բողոքի ցույցերի նպատակը համարել ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու օբյեկտների գրավման ու պահպանման նախապատրաստումը: Մինչ այդ նա կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել Իրանում տիրող իրավիճակին։
«Յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրները վերաբերում են միայն այդ երկրին, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու և որոշելու երկրի ներքին գործերը», - Աբբաս Արաղչիի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին