ՄԱԳԱՏԷ–ն Զապորոժիեի ատոմակայանի հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի պահուստային գծի անջատման տեղամասում հրադադարի ժամանակավոր գոտի ստեղծելու հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին։
«Առաջարկվում է հրադադարի գոտի ստեղծել այն շրջանում, որտեղ հունվարի 2-ին ռազմական գործողությունների հետևանքով վնասվել և շարքից դուրս է եկել ուկրաինական կողմում գտնվող ու Զապորոժիեի ԱԷԿ տանող վերջին՝ 330 կՎ պահուստային գիծը, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ կախված է իր միակ գործող 750 կՎ գծից», - ասել է Գրոսին։
Զապորոժիեի ատոմակայան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆերոսպլավնայա-1» գիծը դադարել է աշխատել հունվարի 3-ին, կայանին անհրաժեշտ էներգիա է մատակարարվել 750 կՎ «Դնեպրովսկայա» հիմնական գծից:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
Համաձայնագիր կնքելուց հետո Զապորոժիեի ԱԷԿ–ի համար «հատուկ կարգավիճակ» կպահանջվի. Գրոսի