ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ-ում ապրող 660 000 կենսաթոշակառուից և նպաստ ստացողից ընդամենը 48 000-ն է մինչ օրս կանխիկով ստանում գումարը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2025 թվականին կատարված աշխատանքներն ու 2026-ի անելիքները։
«Ամբողջապես անկանխիկի անցման մասով շահարկումներ շատ են եղել։ Դրանց թվերով կպատասխանեմ։ Հունվարի փոխանցումների դրությամբ ունենք ընդամենը 48 000 քաղաքացի, որոնք մինչ օրս կանխիկով են ստանում իրենց կենսաթոշակներն ու նպաստները»,- նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ պատրաստվում են բոլոր քաղաքացիներին այդ գումարները վճարել անկանխիկ, քանի որ դա ավելի հարմար է, անվտանգ, ու ձեռնտու է նաև ֆինանսապես։
Նախարարը նաև ընդգծեց, որ Կենտրոնական բանկի հետ այժմ աշխատում են, որպեսզի բանկ այցելելու մասով խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարցը լուծվի։ Հնարավոր է` աշխատանքներում ներգրավեն նաև Միասնական սոցիալական ծառայության տեղային գրասենյակները։
Սոցապնախարարը վստահեցրեց՝ չի լինի մի քաղաքացի, որը կզրկվի նպաստից կամ կենսաթոշակից իր շարժունակության պատճառով։ Խոսքը բանկային քարտը տուն հասցնելու, տարեկան 1 անգամ բանկ ներկայանալու և նմանատիպ հարցերի մասին է։
Հիշեցնենք, որ 2025թ–ին` ՀՀ կառավարության նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակների տրամադրումը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար։