Ինչո՞ւ է Թրամփը հետաքրքրված Իրանով. բացատրում է քաղաքագետ Կարինե Գևորգյանը

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտել է այդ սպառնալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Քաղաքագետ Կարինե Գևորգյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի նկատմամբ մշտական ուշադրությունը պայմանավորում է ամերիկյան ուժերի ռազմավարական դիրքով։ Նա իր տեսակետը հայտնել է Sputnik ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ն սկսել է տասնյակ օդային վերալիցքավորման ինքնաթիռներ և ծանր ռազմական տրանսպորտային C-5 և C-17 Globemaster ինքնաթիռներ տեղափոխել Մերձավոր Արևելք: Վերլուծաբաններն ամերիկյան ռազմական ուժերի այս տեղափոխումը գնահատում են որպես Իրանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստում: Նման գործընթաց էր տեղի ունեցել նաև անցյալ տարվա հունիսին` Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց առաջ։
Գևորգյանը նշել է, որ ամերիկյան հիմնական ռազմակայանները և զորախմբերը տեղակայված են արևելյան կիսագնդում՝ ԱՄՆ–ի տարածքից դուրս:
Փորձագետը որպես առանցքային օրինակ նշել է Հնդկական օվկիանոսում գտնվող «Դիեգո Գարսիա» խոշոր բազան, որը գտնվում է Իրանի ափից մոտավորապես 4000 կմ հեռավորության վրա։
Նրա խոսքով՝ ավիացիայով և ստորջրյա նավատորմով հագեցած այդ օբյեկտը կարևոր հարթակ է ԱՄՆ-ի համար:
«Սա լուրջ միջոց է, որը թույլ է տալիս ամերիկացիներին վերահսկողություն սահմանել կամ առնվազն ուժային ճնշման սպառնալիք գործադրել թե՛ Աֆրիկայի, թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ Հնդկաստանի վրա», – ասել է Գևորգյանը:
Փորձագետը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն իր գլոբալ ռազմական ենթակառուցվածքի պատճառով չի կարող մեկուսանալ իրեն հետաքրքրող տարածաշրջաններից:
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին