Երբեմնի խոշորագույն A23a այսբերգը կարող է փշրվել մի քանի օրից կամ շաբաթից. ՆԱՍԱ

Այս պահին այսբերգը դրեյֆում է Հարավային Ատլանտիկայում՝ Հարավային Ամերիկայից դեպի հարավ-արևելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. A23a այսբերգը, որը վերջերս դադարել է լինել մոլորակի խոշորագույնը՝ մակերեսն աստիճանաբար կորցնելու պատճառով, կարող է վերջնականապես կործանվել մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությանը (ՆԱՍԱ):
2025 թվականի դեկտեմբերին Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ԱԱԳՀԻ) ներկայացուցիչները հայտարարել էին, որ A23a-ն, որին գիտնականները հետևում են գրեթե 40 տարի, կորցրել է իր նախնական մակերեսի 67%-ը և առաջնությունը զիջել է D15a այսբերգին։ ՆԱՍԱ-ն հրապարակել է այսբերգի արբանյակային լուսանկարը, որի մակերևույթին հալոցքային ջրի խոշոր լճակներ են երևում, ինչը սառցաբեկորը գրեթե կապույտ է ներկել։ Ինչպես նշում է վարչությունը, դրա հիման վրա գիտնականները ենթադրում են, որ վնասված այսբերգը «արտահոսք է տվել», քանի որ այսբերգի գագաթին կուտակված ջրի քաշը կոտրում է սառույցը։
«Գիտնականներն ասում են, որ այս նշանները վկայում են այն մասին, որ այսբերգը (A23a- խմբ.) կարող է լիովին քանդվել ընդամենը մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում... Գիտնականները, որոնք հետևել են այս այսբերգին իրենց ողջ կարիերայի ընթացքում, նրա մոտալուտ կործանումն ընկալում են որպես «դառը-քաղցր» պահ»,- ասված է ՆԱՍԱ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ՆԱՍԱ-ն հավելում է, որ ներկայումս այսբերգը դրեյֆում է Հարավային Ատլանտիկայում՝ Հարավային Ամերիկայից դեպի հարավ-արևելք։
A23a այսբերգը Ֆիլխների շելֆային սառցադաշտից պոկվել է 1986 թվականին։ Առաջացման պահին դրա մակերեսը կազմում էր 4 170 քառակուսի կիլոմետր։ Ավելի քան 30 տարի այն գտնվում էր ծանծաղուտում՝ Ուեդդելի ծովի կենտրոնական հատվածում։ 2023 թվականի նոյեմբերի կեսերին այն «արթնացավ» և նորից սկսեց շարժվել։ Դրեյֆի հետևանքով այն դուրս եկավ բաց ջրեր։ 2024 թվականի գարնանը այն անսպասելիորեն սկսեց դրեյֆել Անտարկտիկական թերակղզու ափերի երկայնքով՝ Սկոշայի ծովի ուղղությամբ։