ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Եվրամիության երկրները կողմ են քվեարկել Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, որի դեմ բողոքում են Եվրոպայի ֆերմերները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ Խորհրդում Կիպրոսի նախագահության ներկայացուցիչը։
«ԵՄ երկրները հավանություն են տվել համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա։
Քվեարկությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով:
Մերկոսուրը հարավամերիկյան տնտեսական դաշինք է, որի կազմում ընդգրկված են Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը և Բոլիվիան։ Միավորումն ընդգրկում է շուրջ 300 միլիոն մարդ և տարածաշրջանի ընդհանուր ՀՆԱ-ի ավելի քան 75%-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ ապագա յոթնամյա բյուջեի միջոցները կուղղվեն գյուղատնտեսության աջակցությանը, բայց այս հավաստիացումը չի ազդել բողոքի դուրս եկած ֆերմերների դիրքորոշման վրա։ Քննադատները նաև նշում են, որ նման մոտեցումը կարող է սահմանափակել Եվրահանձնաժողովի հաջորդ կազմի ֆինանսական հնարավորությունները 2029–2034 թթ ժամանակահատվածում։