ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի ղեկավար Դմիտրի Պանկովը: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գոլովչինո գյուղում դրոնը հարվածել է առևտրային օբյեկտին։ Շրջանի ղեկավար Դմիտրի Ալեքսանդրովիչ Պանկովը մեկնել է դեպքի վայր՝ գնահատելու հարձակման հետևանքները: Այդ պահին թշնամու մեկ այլ անօդաչու կրկին հարձակվել է օբյեկտի վրա», - նշել է մարզպետը։
Նրա խոսքով՝ փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած շրջանի ղեկավարին տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջին ծանրության է։
«Սա Դմիտրի Ալեքսանդրովիչի արդեն երրորդ վիրավորումն է։ Նա մեծ պատասխանատվության, քաջության և հերոսության իսկական օրինակ է: Հենց նոր խոսեցի նրա հետ՝ ինչպես միշտ, հանգիստ է և վստահ։ Նման մարդկանց վրա է հենված Բելգորոդի հողը: Մեր բժիշկները շատ լավն են, վստահ եմ, որ հնարավորինս պրոֆեսիոնալ կերպով օգնություն կցուցաբերվի։ Սպասում ենք ծառայության վերադառնալուն»,- գրել է Գլադկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։