ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյան 2024 թվականի շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն է կատարել։ Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն` հավելելով, որ վարույթն ուղարկվել է Հակակառուպցիոն դատարան։ Ըստ ՀԿԿ–ի` անձը ՊՆ երկու զորամասներում համապատասխան ծառայության պետի պաշտոն է զբաղեցրել։
«Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին: Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր»,– հայտնում են կառույցից։
Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ (Վստահված գույքը հափշտակելը) հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
ՀԿԿ–ից նաև հայտնել են, որ մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելը, իրացնելը կամ իրացմանն աջակցելը) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են ՊՆ-ից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքացիներին հորդորում է կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀԿԿ: