Փաշինյանն առաջարկում է դիտարկել «թվային քոչվորների» համար պարզեցված վիզաների ռեժիմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Վարչապետի կարծիքով՝ Հայաստանը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որպեսզի գրավիչ մնա օտարերկրյա մասնագետների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Անհրաժեշտ է դիտարկել այսպես կոչված «թվային քոչվորների» համար պարզեցված վիզաների տրամադրման հնարավորությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջ աշխարհում աճում է այն մասնագետների թիվը, ովքեր աշխատում են թվային միջավայրում, հետևաբար կապված չեն որևէ երկրի հետ (այդ իսկ պատճառով նրանք հայտնի են «թվային քոչվորներ» անունով)։ Այս մասնագետներն աշխատում են տարբեր երկրներում, միջավայրերում՝ ֆիզիկական կախվածություն չունենալով կոնկրետ գրասենյակի կամ վայրի հետ։ Տարբեր պետություններ փորձում են առավել ակտիվացնել և գրավիչ դարձնել «թվային քոչվորների» համար միջավայրը՝ հասկանալով, որ նրանք աշխուժություն են բերում տնտեսությանը։
«Երկրները հիմա թողարկում են վիզային հատուկ ռեժիմ «թվային քոչվորների» համար, մենք առնվազն պետք է քննարկենք այս մոտեցումը որդեգրելու հարցը, երբ «թվային քոչվորների» համար տրվում են որոշակի ժամկետով հեշտացված վիզաներ, որ նրանք իրենց ճամփորդությունն ավելի հեշտությամբ իրականացնեն»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հեռահաղորդակցության օպերատորները վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են ինտերնետի ծածկույթը, և հիմա ինտերնետ հասանելիությունը երկրում գրեթե հարյուր տոկոսով է (այդ թվում արբանյակային ինտերնետի զարգացման պայմաններում): Ուստի «թվային քոչվորների» աշխատանքի համար կարևոր գործոնն առկա է։