ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Իրանը պատերազմ չի ցանկանում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայելի հետ. հակված է բանակցությունների, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Այս մասին Լիբանան կատարած այցի ընթացքում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Պատրաստ ենք նաև բանակցությունների՝ փոխշահավետության և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Երբ ԱՄՆ-ն ընդունի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ բովանդակային բանակցություններ կարող են սկսվել»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաղչին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Իսրայելից Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ուղղությամբ բխող սպառնալիքները երբևէ այսքան մեծ չեն եղել։ Նա ընդգծել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքի յոթ երկրներ ենթարկվել են Իսրայելի հարվածներին, Լիբանանի տարածքի մի մասը մինչ օրս օկուպացված է իսրայելական բանակի կողմից, իսկ 2025 թվականի ընթացքում հաստատված հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է։
Հունվարի 7–ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմաններ չկան։
Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ գործողություն էր սկսել՝ վերջինիս մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարձակումների թիրախ էին դարձել ատոմային օբյեկտները, գեներալները, անվանի միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները։
Իրանը հերքել էր մեղադրանքները՝ պատասխանելով սեփական գրոհներով։ Կողմերը 12 օր շարունակ հարվածներ էին փոխանակում, որոնց միացել էր նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով ԻԻՀ միջուկային օբյեկտների վրա։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ հասցրեց ԱՄՆ–ի` Կատարում գտնվող Էլ Ուդեյդ բազային՝ հայտարարելով, որ իրանական կողմը հետագա էսկալացիայի գնալու մտադրություն չունի։