ՀՀ կառավարությունը սահմանել է համընդհանուր բժշկական ապահովագրության ռեգիստր

Ռեգիստրը հաստատվել է հետին ամսաթվով, քանի որ առողջության ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առողջության համընդհանուր ապահովագրության համար սահմանեց քաղաքացիների բժշկական պատմությունների ռեգիստր: Այն ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն ընդունվում է հրատապ կարգով, քանի որ նման ռեգիստրն անհրաժեշտ է համընդհանուր ապահովագրության համակարգի գործունեության համար, իսկ համակարգն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Այս ռեգիստրը համագործակցելու է պետական այլ տվյալների բազաների հետ:
Նշվում է, որ ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, իսկ ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ Armed, հնարավորություն կստանա ծանոթանալու իր՝ որպես ապահովագրված անձի, կարգավիճակին (ապահովագրված է, թե ոչ, ինչ է ծածկում ապահովագրությունը և այլն):
Առողջապահության նախարարությունը կկարողանա մշակել քաղաքացիների անձնական տվյալները՝ համընդհանուր առողջապահական համակարգը բարելավելու համար։