Երևանում 2025 թ. տարեվերջին ավտոտնակի հրդեհից վնասվածք ստացած տղամարդը մահացել է

Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկում խոշոր հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 25–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է 2025 թ. տարեվերջին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում ավտոտնակներից մեկի հրդեհի պատճառով ծանր վնասվածք ստացած 54-ամյա Արմեն Ն․-ն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ավտոտնակներից մեկում։ 2 մարդ այրվածքներ էր ստացել։ Նրանք հարազատ եղբայրներ են, նրանցից մեկը` 54-ամյա Արմեն Ն․-ն տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Shamshyan.com–ը հայտնում է, որ մահվան մասին տեղեկությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին ստացվել է հունվարի 3-ին` ժամը 14։20-ի սահմաններում։
Մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, որը հիվանդանոց էր տեղափոխվել «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։