Քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստավորվել Հայաստանում. նախարարը թվեր հրապարակեց

Ժաննա Անդրեասյանը կարծում է` առկա ցուցանիշները վկայում են, որ ատեստավորման համակարգը կայացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանում կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Կամավոր ատեստավորման բողոքարկման արդյունքներն արդեն ամփոփված են, ու հաշվի առնելով հենց դրանք` ավելի քան 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը։ Սա մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն է։ Սա շատ լավ ցուցանիշ է ու ցույց է տալիս, որ այս համակարգը կայացել է»,- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ ովքեր հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումը, արդեն հունվարից բարձր աշխատավարձ կստանան։
Հիշեցնենք` ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից։ 2025 թվականին կամավոր ատեստավորման համար դիմել է 8628 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 7276-ը։ 60-100% անցողիկ շեմը հաղթահարել է ավելի քան 4850 ուսուցիչ։