ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նա մասնավորապես ընդգծել է Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը»,– ասված է հաղորդագրությունում։
Քվինը ՀՀ վարչապետին և կառավարությանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։
Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք` դեսպան Քվինը Երևան է ժամանել 2023թ․ փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։ Մինչ Հայաստան ժամանելը նա եղել է (2020-2022թթ.) ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։ Քվինի նախորդ գործընկերը` Լին Թրեյսին, ՀՀ–ում պաշտոնավարեց 2019–2022 թթ.։