Ի՞նչ նվերներ են ստացել պաշտոնյաները. ՊՆ աշխատակցի նվերն ամենաթանկն է

Արարատ Միրզոյանը փետուրով գրիչ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2026 թվականի հունվարին արդեն 3 նվեր է ներկայացրել` հեծանիվի սաղավարտ, զարդատուփ և փորագրված փայտե նկար։ Sputnik Արմենիան ԿԿՀ-ից տեղեկանում է, որ ամենաթանկը 108 հազար 675 դրամ արժեքով «Greggio Italy» ապրանքանիշի արծաթե զարդատուփն է, որը վարչապետին նվիրել են Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ հանդիպմանը` 2025 թվականին դեկտեմբերի 10–ին։
86 հազար դրամանոց Abus Hyp-E Signal Yellow M հեծանվային սաղավարտը Փաշինյանին նվիրել է Veioman eBike-Center կենտրոնի տնօրենը։
Ուզբեկստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից փորագրված փայտե նկարը՝ կաշվի համադրությամբ, 81 հազար 566 դրամ է գնահատվում։
Նվերներ են հայտարարագրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Լևոն Դավիդյանը։
ԱԳ նախարարի նվերը 48 հազար դրամանոց փայտից պատրաստված փետուրով գրիչ է, որը ստացել է Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն կատարած այցի ժամանակ։
Դեռևս հայտագրված նվերներից ամենաթանկը հենց ՊՆ պաշտոնյայինն է` 115 հազար դրամ արժողությամբ «Մայր Հայաստան» հուշանվեր, որը ստացել է տարվա ամփոփիչ միջոցառման շրջանակում։