ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Այսօր Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այդ կապակցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
© Photo : press office of MoD of the Republic of Armenia
Պապիկյանին ուղեկցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները։
Նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն:
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
© Photo : press office of MoD of the Republic of Armenia
Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և այլ միջոցառումների կատարման վերաբերյալ:
Նա զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ է տվել գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 18-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24, այլ 18 ամիս։
ՀՀ զինված ուժերի համալրման ժամկետ է սահմանվել 2026 թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ: