ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխում տրանսպորտային և վերալիցքավորող ինքնաթիռներ․ ԶԼՄ

Տպավորիչ ավիապարկի ներկայիս տեղափոխումը տեղի է ունենում Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սպառնալիքների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ն սկսել է տասնյակ օդային վերալիցքավորման և C-5 և C-17 Globemaster ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռների լայնածավալ փոխադրումը Մերձավոր Արևելք։ Այս մասին գրում են իսրայելական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով վերլուծաբանների տվյալները:
Նշվում է, որ տպավորիչ ավիապարկը տեղափոխվում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի տարածքում տեղակայված ամերիկյան ավիաբազաներից:
Times թերթն իր հերթին գրում է, որ անցած շաբաթ Սաֆոլկում և Գլոսթերշիրում Թագավորական ռազմաօդային ուժերի 3 բազայում վայրէջք են կատարել առնվազն 14 C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռ և 2 ծանր սպառազինությամբ AC-130J Ghostrider ուղղաթիռ։ Ընդ որում, թերթի տեղեկություններով՝ Globemaster օդանավում կարող էր լինել առնվազն 5 հատ MH-60M Black Hawk և 1 հատ MH-47G Chinook ուղղաթիռ, որոնք կիրառվում են հատուկ գործողությունների ժամանակ: Բրիտանական պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։ Պենտագոնից նույնպես պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել:
Վերլուծաբանները Մեծ Բրիտանիա ամերիկյան ռազմական ուժերի այս տեղափոխումը գնահատում են որպես Իրանի դեմ նոր ագրեսիայի նախապատրաստում: Անցյալ տարվա հունիսին, նախքան Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին հարվածելը, տեղի էր ունեցել նմանատիպ տեղափոխում:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Թեհրանը դատապարտել է այդ սպառնալիքները։
Դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել ուժեղ գնաճի և ազգային արժույթի (ռիալ) անկման պատճառով: Բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: