ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումների հետևանքով Հալեպ քաղաքում 4 մարդ է զոհվել, 26-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սիրիայի պետական SANA գործակալության և ՍԴՈւ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունները:
Նշվում է, որ համայնքային ծառայությունների ևս 9 աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՍԴՈւ մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ «կառավարական ուժերի կողմից Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա քրդական թաղամասերի հրետակոծության հետեւանքով զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 17-ը վիրավորվել են»:
Սիրիայի զինված ուժերին քրդերի ռազմական կազմավորումների ինտեգրման հարցով նախօրեին Դամասկոսում տեղի են ունեցել հերթական բանակցությունները ՍԴՈւ ղեկավարության և Սիրիայի իշխանությունների միջև: Քրդական կողմը հայտնել է, որ այս հարցում առաջընթաց կա, սակայն մանրամասները հետագայում պետք է համաձայնեցվեն: