ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գտնվում են մարտական լիարժեք պատրաստության մեջ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Մորթեզա Գորբանին։
«ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիա արժանի հակահարված կստանա։ Եվ ներկայում բանակի և ԻՀՊԿ-ի շուրջ 400 ստորաբաժանումներ «մատը պահում են ձգանի վրա»», - հավելել է նա:
«Ստորաբաժանումները պատրաստ են։ Եթե որևէ ագրեսիա տեղի ունենա, նրանք այն (նկատի ունի Իսրայելը – խմբ.) հողին կհավասարեցնեն», - ասել է Գորբանին։
Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Դրանց ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը՝ իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ «Al-Jazeera» հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում «Բասիջ» կամավորական անվտանգության ջոկատների անդամի զոհվելու մասին: Արևմտյան լրատվականները հայտնում են, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են, բայց իրանական կառավարական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:
Բողոքի ցույցերի ֆոնին Դոնալդ Թրամփը հունվարի 2-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն: Թեհրանը դատապարտել է այդ սպառնալիքները։