ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ. նշում են Սուրբ ծննդյան տոնը։ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում միմյանց և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը շնորհավորում ճրագալույցից սկսած։
«Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է աստվածային լույսը:
Այս երեկո հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագին մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Հայաստանի իշխանական վերնախավը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատարագին մասնակցում է ոչ թե Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այլ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։