ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօրվա զրույցի հիմնական թեման կլինի ամերիկյան F-35 և F-16 կործանիչների գնումը։ Այդ մասին հայտնում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ուսումնասիրում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ Անկարան չի օգտագործի այդ ինքնաթիռները Իսրայելի դեմ։
Պարբերականի տվյալներով՝ առաջնորդները կքննարկեն նաև CAATSA օրենքի շրջանակներում սահմանված պատժամիջոցների վերացումը, Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար F-16 և F-35 ինքնաթիռների մատակարարումը, Halkbank բանկի գործը և քրդական SDF խմբավորումների ինտեգրումը սիրիական բանակին։
Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը կարող է առանձին քննարկման թեմա դառնալ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թրամփի հետ քննարկել էր պաղեստինյան անկլավի վերաբերյալ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու հարցը։
Սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է թույլ տալ Թուրքիային F-35 կործանիչներ գնել, եթե Անկարան «ինչ-որ բան անի» Վաշինգտոնի շահերի համար։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հերթին հայտնել էր, որ Թրամփը հրամայել է սկսել CAATSA պատժամիջոցների չեղարկումը, որոնք կիրառվել էին Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հետո։
Հիշեցնենք՝ 2017 թվականին Անկարան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց С-400-ների մատակարարման վերաբերյալ, որոնք ստացավ 2019 թվականին: ԱՄՆ-ն պնդում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ների, սակայն Թուրքիան հրաժարվեց: Ի պատասխան Վաշինգտոնը հեռացրեց Անկարային F-35-ի ծրագրից և պատժամիջոցներ կիրառեց թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ: F-35 նախագծի վերաբերյալ համատեղ հուշագիրը չեղարկվեց, իսկ համաձայնագիրը շարունակեցին ծրագրի մյուս յոթ գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան և Նորվեգիան: