Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով գրանցվել է 2285 այց. նախարար

Պոլիկլինիկա. Արխիվային լուսանկար
ՀՀ նախագահն օրենքը ստորագրել է նախորդ տարվա դեկտեմբերի 24–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 1-ից մեկնարկած Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 2285 այց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներով տեղեկություն է տարածվել, որ բժշկական կենտրոններում խառնաշփոթ իրավավիճակ է ու չգիտեն` ինչպես աշխատել, քանի որ նախարարի հրաման դեռ չկա:
«Առողջապահության նախարարության թեժ գծի, զանգերի կենտրոնի, բուժաշխատողների ներգրավմամբ տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ ենք պահպանում քաղաքացիների և բժշկական կազմակերպությունների հետ` ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու և ճիշտ ուղղորդելու համար»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ տարվա առաջին օրերին համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ծառայություններից արդեն օգտվել է 771 մարդ:
Նախարարը հիշեցրել է հեռախոսահամարները.
ԱՆ թեժ գիծ` 8003,
Զանգերի կենտրոն` 8866,
Արմեդ` 011202033:
Նշենք, որ հանրապետության նախագահն 2025 թվականին դեկտեմբերի 24–ին ստորագրել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Այն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1–ից։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։