Օսկանյանը կոչ է անում հետաձգել Երևանում սպասվող եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը

Օսկանյանի խոսքով` ընտրություններից առաջ Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երևանում կներկայացվի որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդդիմադիր ուժերին առաջարկում է համատեղ նամակով դիմել Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով Երևանում մայիսի 4–ին սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել և անցկացնել սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո։ Ֆեսբուքյան գրառման մեջ դիվանագետը նշել է, որ Հայաստանը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։
«Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երևանում ընտրություններից անմիջապես առաջ անխուսափելիորեն կներկայացվի ներքին լսարանին որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։ Արդեն իսկ իշխանության խիստ վերահսկողության տակ գտնվող մեդիա միջավայրում նման պատկերները կօգտագործվեն լեգիտիմություն, անխուսափելիություն և արտաքին աջակցություն ներշնչելու համար։ Անկախ մտադրություններից՝ այդ ազդեցությունը կհանդիսանա արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին»,– նշել է Օսկանյանը։
Դիվանագետի խոսքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Եվրոպայի համար հարմար գործակից, քանի որ պատրաստակամ է իրականացնել այն, ինչ դեռ ավարտված չէ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ և Ադրբեջանի օգտին տարածքային նոր զիջումներ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում։
«Այս քայլերը, թեև ժամանակավորապես հետաձգված, կազմում են նրա հետընտրական օրակարգի առանցքը։ Վերընտրվելը գործընթացի ավարտը չէ․ այն դրա շարունակման նախապայմանն է»,– ասել է նա։
Քվեարկությունից օրեր առաջ Երևանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը, ըստ Վարդան Օսկանյանի, վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Նրա խոսքով` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հետաձգումը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորում կլինի։