2026 թվականից Հայաստանի հանրային սննդի կետերի ստուգումները կխստացվեն

Ռեստորաններն ու սրճարանները պետք է գրանցեն իրենց բոլոր գործողությունները` մթերքի գնումներից մինչև պատրաստի սննդի մատուցում։ Դա թույլ կտա վերլուծել հայտնաբերված խախտումների յուրաքանչյուր դեպք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. 2026 թվականից Հայաստանում կսկսեն ստուգել` որքանով են հանրային սննդի օբյեկտները համապատասխանում HACCP (Hazard Analysis and Critical Control Points - ռիսկերի վերլուծություն և կրիտիկական հսկիչ կետեր. խմբ.) միջազգային համակարգի պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը։
HACCP համակարգի դեպքում «կրիտիկական կետերը», ըստ էության, արտադրական շղթայի բոլոր փուլերն են՝ մթերքի գնում, պահպանում, ուտեստների պատրաստում և մատուցում։ Այդ շղթայի անգամ մեկ օղակում վերահսկողության բացակայությունը հանգեցնում է անկառավարելի ռիսկերի: Օրինակ` եթե ընդունման ընթացքում ապրանքի պիտանիության ժամկետը չի ստուգվում, ռիսկերը պահպանվում են հետագա բոլոր փուլերում:
Հանրային սննդի ոլորտում HACCP ստանդարտով ստուգումների ներդրումը նախատեսվում էր սկսել դեռ երկու տարի առաջ, սակայն նախապատրաստվելու համար ձեռնարկատերերին լրացուցիչ ժամանակ տրամադրվեց։ 2026 թվականին համակարգի գործարկմանն ընդառաջ տեսչության մասնագետները 2025 թվականի ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման նպատակով հանդիպումներ են ունեցել հաստատությունների սեփականատերերի և ադմինիստրատորների հետ:
Վարդանյանը հստակեցրեց, որ HACCP համակարգը կենտրոնացած է ոչ այնքան բուն սանիտարական նորմերի վրա (դրանք արդեն ամրագրված են գործող կանոններում), որքան հենց հաստատության կողմից մշտական ներքին վերահսկողության: Խոսքը մասնավորապես գրանցամատյան վարելու մասին է` ով, երբ և ինչ միջոցներով է իրականացրել սանիտարական մշակումը։ Վարդանյանի խոսքով՝ նման գրանցումը թույլ է տալիս պահպանել խոհանոցի անձնակազմի նկատմամբ վերահսկողությունը նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում։
Գրանցումների ճշգրտությունը ստուգվում է ինչպես ակնադիտական, այնպես էլ անձնակազմի հարցումների միջոցով: Հատուկ ուշադրություն է դարձվում մթերքի գնմանը. հաստատությունները պարտավոր են ստուգել մակնշումը, արտադրողի կամ ներմուծողի մասին տվյալները, պիտանիության ժամկետը և յուրաքանչյուր խմբաքանակի անվտանգությունը հաստատող փաստաթղթերը: Նման ստուգումների բացակայության պատասխանատվությունը 2026 թվականից ամբողջությամբ կդրվի հանրային սննդի օբյեկտների վրա։ Կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում քննություն կիրականացվի։
Ինչ վերաբերում է HACCP-ի ներդրման հետ կապված ծախսերին, Վարդանյանն ընդգծեց, որ առաջին փուլում տեսչությունը ուշադրություն է դարձնելու բիզնեսի հնարավորությունների շրջանակում ստանդարտների առավելագույն համապատասխանությանը: Այսպես` եթե հնարավոր չէ տարբեր մուտքերով առանձնացնել հումքի և պատրաստի արտադրանքի հոսքերը, թույլատրվում է գործընթացների ժամանակավոր տարանջատում, օրինակ՝ ապրանքների ընդունում որոշակի ժամերի, որին հաջորդում է տարածքների ախտահանումը:
Սկզբնական փուլում տեսչությունը կոշտ միջոցներ չի կիրառի, ողջամիտ ժամկետներ կսահմանվեն հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Միաժամանակ տեսչությունը ներգրավել է Գերմանիայից ժամանած մասնագետի, որն անցկացրել է տեսուչների ուսուցում, այցելել Երևանի ու մարզերի զբոսաշրջային գոտիների մի շարք հաստատություններ և դրանց համապատասխանությունը բազային պահանջներին ընդհանուր առմամբ գնահատել բավարար:
«Եթե HACCP-ն ներդրվի առավելագույն խստությամբ, ապա դա կարող է վնաս հասցնել զբոսաշրջության ոլորտին։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ճկուն և փուլային մոտեցում», - ընդգծեց մասնագետը։
Նրա խոսքով` ցավոք, ոլորտային ասոցիացիաները չեն միացել իրազեկման աշխատանքներին։ Փոխգործակցությունը հիմնականում իրականացվել է պետական մարմինների հետ, որոնց հիմնարկներում (կամ դրանց հսկողության ներքո) կան բուֆետներ և ճաշարաններ (դպրոցների, հիվանդանոցներ և այլն):