Որքա՞ն գումար է Հայաստանը ծախսել վերջին 4 տարում COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու համար

Covid-19 պատվաստում. Արխիվային լուսանկար
2023 թվականի վերջին բնակչության 98%-ի մոտ ձևավորվել է հիբրիդային՝ հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Հայաստանը 8 մլրդ 114 մլն 556,3 հազ. դրամ (մոտ 21,35 մլն դոլար) է ուղղել կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պատվաստանյութերի գնմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից։
Ընդհանուր առմամբ հանրապետություն է ներկրվել 4 158 660 դեղաչափ պատվաստանյութ։ Դրանցից 1 893 060-ը գնվել է պետական միջոցների հաշվին, ևս 2 265 600-ը տրամադրվել է միջազգային գործընկերների կողմից՝ որպեսմարդասիրական օգնություն։ Մատակարարվել են «AstraZeneca», «Moderna», «Pfizer-BioNTech», «Sinopharm Group» ընկերությունների, Գամալեայի անվան պետբյուջետային հիմնարկի և «Human Vaccine» ընկերությունների արտադրած պատվաստանյութերը։
Կենտրոնից պարզաբանեցին, որ պատվաստանյութերի նյութատեխնիկական ապահովման ծախսերը, ներառյալ սառը շղթայի պահանջիպահպանումը, փոխադրումն ու բաշխումը, ինչպես նաև պատվաստման կետերի ֆինանսավորումը և բժշկական անձնակազմի վարձատրությունը, նախատեսված էին ազգային կենտրոնի և իմունիզացիայի արշավին մասնակցած բժշկական կազմակերպությունների բյուջեներում:
2021 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումների համար օգտագործվել է 2 306 922 դեղաչափ պատվաստանյութ։ Մասնավորապես, առաջին դեղաչափը ստացել է 1 166 934 մարդ, իսկ երկրորդը և երրորդը՝ 1 139 988 մարդ։
Կենտրոնի տվյալներով՝ պատվաստումները նպաստել են հիվանդության ծանր ձևերի և մահացու ելքերի թվի նվազմանը։
2021-2023 թվականներին Հայաստանում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը գնահատելու նպատակով իրականացվել են շիճուկային հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի վերջին բնակչության 98%-ի մոտ ձևավորվել է հիբրիդային՝ հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետ։ Ներկայում COVID -19-ի դեմ պատվաստումից հետո շիճուկային հետազոտություններ չեն իրականացվում։