Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար

Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը, որով երթևեկությունը փակվել էր հունվարի 1–ին, կրկին բացվել է ավտոբուսների և ուղևորատար մեքենաների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բեռնատարներով երթևեկությունը շարունակում է փակ մնալ։
«Վրաստանում ճանապարհների մաքրման և տրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորության համար ուղևորատար մեքենաների և ավտոբուսների երթևեկությունը, բացառությամբ բեռնատար մեքենաների, թույլատրվում է Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ երկու ուղղություններով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:50-ից մինչև հետագա ծանուցում», - նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը դադարեցվել էր Հյուսիսային Օսեթիայում վատ եղանակի պատճառով։
Հավելենք, որ ճանապարհը դեկտեմբերի 29-ից փակ է բեռնատարների համար:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով):