ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Եթե ազգը միասնական է, ապա չի զիջի ԱՄՆ-ի և Իսրայելի չափազանցված պահանջներին։ Ինչպես հայտնում է Mehr-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Այսօր ունեցած ելույթում Փեզեշքիանը քննադատել է արևմտյան տերությունների երկակի չափորոշիչները՝ ընդգծելով, որ «ցանկացած ազգ, որը չի կարող միասնության և բարեկամության հասնել, կճնշվի, բայց եթե ազգը միասնական լինի, այդքան հեշտությամբ չի հանձնվի»։
«Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը անամոթաբար կատարում են ցեղասպանություն ողջ աշխարհում և միաժամանակ խոսում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին։ Համախմված ազգը չի զիջի Միացյալ Նահանգներին և Իսրայելին»,- ասել է Իրանի նախագահը։
Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների հետ։ Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և գնաճի դեմ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ նա հայտարարել էր, որ նախագահն ու կառավարությունը գիտակցում են խնդիրը և փնտրում են լուծումներ։ Նա անընդունելի էր համարել, որ բողոքի ցույցերի հետևում կանգնած լինեն սադրիչներ կամ թշնամու վարձկաններ, և ընդգծել, որ նմանների դեմ պետք է վճռական գործողություններ ձեռնարկվեն։