ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին փաստացի սպառնացել է ռազմական միջամտությամբ:
«Եթե Իրանը կրակի և դաժանաբար սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց մոտ սովորական պրակտիկա է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգնության կհասնի։ Մենք պատրաստ ենք գործողության և լիովին զինված ենք»,- սոցցանցում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի: