Մարտեր Եմենի արևելքում. զոհեր ու վիրավորներ կան

Սրացումը տեղի է ունեցել «Դերեա ալ-Վատան» ուժերի և Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) միջև լարվածության աճի ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Եմենի նախագահական խորհրդի կողմից վերահսկվող ուժերի և Հարավային անցումային խորհրդի զինված խմբավորումների միջև տեղի ունեցած կատաղի մարտերի հետևանքով մոտ 10 մարդ է զոհվել, 30-ը` վիրավորվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եմենի ռազմական աղբյուրը։
«Նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիին հավատարիմ «Դերեա ալ-Վատանի» («Հայրենիքի վահան») ուժերի և Հարավային անցումային խորհրդի ստորաբաժանումների միջև շարունակվում են ինտենսիվ բախումները Հադրամաութի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Աբր շրջանի ծայրամասում։ Այս պահին զոհվել է մոտ 10 մարդ, վիրավորվել՝ 30-ը», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Անցումային խորհրդի ուժերը դիմադրում են «Հայրենիքի վահանի» հազարավոր մարտիկների հարձակմանը, որոնք շարժվում են դեպի նահանգի հյուսիսում գտնվող Հուրա շրջանի ռազմավարական կարևոր Ալ-Հաշաա շրջան։ Հարձակումն իրականացվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային աջակցությամբ։
Հադրամաութի տեղական իշխանությունների աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն օդուժն այսօր հարվածներ է հասցրել 37-րդ զրահատանկային բրիգադի դիրքերին նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Խաշա տարածքում։
Հադրամաութի ղեկավարը հայտարարել է, որ նահանգում մեկնարկել է Անցումային խորհրդի ուժերի կողմից ռազմական օբյեկտները խաղաղ ճանապարհով հանձնելու գործողությունը (Անցումային խորհրդի ուժերը դրանք վերահսկողության տակ էին վերցրել անցյալ ամսվա սկզբին)։ Նա խորհրդի ղեկավարությանը մեղադրել է բոլոր քաղաքական ուղիները փակելու և որևէ որոշում կայացնելուց դիտավորյալ հրաժարվելու և վերահսկողությունից դուրս գալու հավանականություն ունեցող լայնածավալ քաոս ստեղծելուն ուղղված ծրագրեր պատրաստելու մեջ։
2025 թվականի դեկտեմբերի սկզբից Եմենի նախագահական խորհրդում սուր ճգնաժամ է նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի և խորհրդի անդամ Այդարուս ալ-Զուբեյդիի միջև, որը գլխավորում է ՀԱԽ-ն։ Հակամարտության պատճառ է դարձել վերջինիս կողմից Հադրամաութ և Ալ-Մահրա նահանգների գրավումը՝ 1990 թվականին երկրի միավորումից առաջ հարավային Եմենում գոյություն ունեցող պետությունը վերականգնելու ջանքերի շրջանակում։