ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Գործող իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար ընդդիմությունը պետք է դադարի հարձակումները մեկմեկու ուղղությամբ, կարողանա համագործակցել և սեփական օրակարգն առաջարկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում ներկա իրավիճակին և այն առաջարկին, որն ընդդիմությունը պետք է կարողանա ձևավորել ընտրություններին ընդառաջ։
Նրա խոսքով՝ պետք է իրական, շոշափելի առաջարկներ և լուծումներ առաջարկել՝ որպես այլընտրանք գործող իշխանության ձևավորած օրակարգին։
«Եթե մենք քննադատում ենք դիվանագիտությունը և խաղաղության այն գործընթացը, որն իշխանությունն է վարում, եկեք առաջարկենք, թե մենք ոնց ենք դա տեսնում, բայց վերացական, ոչ առարկայական ձևակերպումներից զերծ մնալով, շատ ռեալ՝ ինչ կոնկրետ առաջարկներ մենք ունենք, ոնց ենք պատկերացնում։ Եթե ասում ենք, թե մենք էլ ենք կողմ, որ պատերազմ չլինի կամ պատերազմ չի լինելու, բացատրենք, թե ինչպես ենք դա պատկերացնում, դիվանագիտությունն ինչ քայլեր է անելու 1 կամ 5 տարվա կտրվածքով»,- նշեց Կոստանյանը։
Վստահ է՝ եթե քարոզարշավին գլխագիր ես դնում «մենք պետք է հեռացնենք Փաշինյանին», ապա դա չարչրկված, ոչ մի տեղ չտանող և տապալված քարոզարշավ է, այն չի աշխատելու։ Իշխանությանը քննադատելուց զատ ընդդիմությունը պետք է սեփական օրակարգն առաջարկի ու դադարի մեկմեկու ուղղությամբ ցեխ շպրտել։
«Չեմ ասի չարչրկված կոչը, թե պետք է համախմբվել․ պետք է համագործակցել և պայմանավորվելլ։ Համագործակցել և պայմանավորվել՝ ելակետ ընդունելով, որ պետք է իրար հանգիստ թողնենք և մեր պայքարը կառուցենք մեր իսկ առաջարկների, այլ ոչ թե ուրիշների արած սխալների շուրջ։ Եթե գնացինք մեկը մյուսին ցեխոտելու, մեկը մյուսին լյուսստրացիա անելու, մեկը մյուսի սխալներից խոսելու ճանապարհով, մենք պարզապես 2026 թ․-ին տապալվելու ենք, և իշխանությունը վերարտադրվելու է»,- կարծում է Կոստանյանը։
Հավելում է՝ եթե անընդմեջ քննարկեն, թե ով է մեղավոր կամ պատասխանատու, ապա բոլորն էլ մեղավոր են ու բոլորն էլ պատասխանատու են, բայց այսօր ավելի կարևոր է գործող իշխանությանը հակազդեցություն ստեղծելը։ Աննա Կոստանյանը շեշտում է՝ առհասարակ հայկական շահով առաջնորդվող ցանկացածը պետք է համախմբի և օրակարգ դարձնի արցախցիների իրավունքի հարցը։
«Եթե մենք իսկապես ուզում ենք Հայաստանում իրավիճակ փոխվի, Արցախի մեր հայրենակիցների իրավունքը նորից դրվի միջազգային խաղացողների սեղանին, ես կարծում եմ՝ հայկական, ազգային շահով առաջնորդվող բոլոր քաղաքական գործիչների, ընդհանրապես հայերի օրակարգում այս հարցը պետք է ակտուալ դառնա, որովհետև սա շատ վատ նախադեպ է ստեղծել և ստեղծելու այլ ազգերի, պետությունների համար՝ 1 օրում պարզապես բնազուրկ, տնազուրկ անել ու մարսել։ Սա շատ վատ պատմական նախադեպ է և պետք է այս պատմական նախադեպը կասեցնել»,- ասաց Կոստանյանը։
Հավելում է՝ իշխանության սխալների մասին պետք է խոսել ու անընդհատ, որովհետև իրենք են այս պահին պատասխանատու և ունեն լծակներ նոր սխալներ թույլ տալու։ Իսկ որպեսզի նոր սխալները թույլ չտրվեն, պետք է իշխանության սխալների մասին անընդհատ թմբկահարել, բայց դա անել առարկայական և փաստերով։
Իսկ ընդդիմադիր դաշտում մյուսները պետք է առնվազն պայմանավորվեն քաղաքական կոռեկտություն պահել մեկը մյուսի հանդեպ, որովհետև կա մեկ նպատակ՝ չթողնել, որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի։