ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայաստանում 60 բնակավայր է հոսանքազրկվել առատ ձյան և մետաղական հենարանների վնասման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։
6 մարզերի 54 բնակավայրեր հոսանքազրկվել են եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով։ Հոսանքազրկված բնակավայրերը Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում են։
ՀԷՑ-ից նշում են, որ նշված բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա ժամերի ընթացքում։
Լոռու մարզի 6 բնակավայրեր էլ հոսանքազրկված են Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ մետաղական հենարանը տապալված է։
Ընկերությունը հայտնում է, որ բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ հրդեհ էր բռնկվել «Վարդաշեն» էլեկտրական ենթակայանում։ Մասամբ այրվել էր ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։