Արկածախնդրությունը սկսել է Թրամփը․ իրանցի պաշտոնյան պատասխանել է ԱՄՆ նախագահին

Բարձրաստիճան պաշտոնյան կարծում է՝ Իսրայելի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ովքեր են կանգնած այն ամենի հետևում, ինչ կատարվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ավելի վաղ Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։
Լարիջանին ընդգծել է՝ իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում։
«Մենք տարբերում ենք բողոքող առևտրականների քայլերը քանդողների (պառակտիչների) գործողություններից։ Եվ Թրամփը պետք է իմանա՝ Իրանի ներքին հարցերին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանն ու ԱՄՆ շահերի խաթարմանը։ Թող Ամերիկայի ժողովուրդը իմանա՝ արկածախնդրությունը սկսել է Թրամփը»,- գրել է Լարիջանին։
Նա նաև խորհուրդ է տվել հոգ տանել ամերիկացի զինվորների մասին։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի: