Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը կարծում է, թե ոչ մի, բացարձակապես ոչ մի զիջման իրենք չեն գնացել, գնացել են մեր պետության հարատեւության օրակարգի հետեւից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա շնորհավորական ուղերձում։
Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի, այսինքն՝ Ձեր կողմից 2021 թվականի արտահերթ ընտրություններում Կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը պատվիրակված ռազմավարության իրականացում։
«Այդ ռազմավարությունն արտահայտված է Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ և կապված է հայ ժողովրդի պատմությունն ընթերցելու և վերընթերցելու, նրանում անթեղված ուղերձները փնտրելու և գտնելու, այդ ուղերձներն իրական կյանքի կիրառելի գիտելիք դարձնելու մեր նորահայտ գործելակերպի հետ»,–ասված է Փաշինյանի ուղերձում։
Նա նշել է, որ իրենց մեղադրում էին այդ պատմությունը փոխելու դավադրության մեջ, մինչդեռ իրենց նպատակը, նրա ոսքով, Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր։
«Մեզ մեղադրում էին մեր ինքնության դեմ գործելու մեջ, մինչդեռ մենք տեսանք ակնհայտը, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությու՛նն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայերին հրավիրեցինք տեսնել այն ակնհայտ իրողությունը, որ պետությունն ուժեղացնելու օրակարգն ինքնությունն ուժեղացնելու օրակարգ է։ Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը»,–կարծում է Փաշինյանը։
Նշել է, որ իրենց մեղադրում են, թե ուրանում են պատմական Հայաստանը, թե ուրանում ենք մեր պատմությունը, մինչդեռ մեր քաղաքականությունները մեր պատմությանն ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է․ «Մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ»։
Հիշեցրել է, որ 2025 թվականին իր միջազգային երկկողմ պաշտոնական հանդիպումների աշխարհագրությունն աներեւակայելի է։ ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ, Թուրքիայի նախագահ, Ղազախստանի նախագահ, Արաբական միացյալ էմիրությունների նախագահ, Ադրբեջանի նախագահ, Տաջիկստանի նախագահ, Հռոմի պապ, Եվրոպական խորհրդի նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ, Գերմանիայի կանցլեր, Ճապոնիայի վարչապետ, Բելգիայի վարչապետ, Վրաստանի վարչապետ, Էստոնիայի վարչապետ, Ալբանիայի վարչապետ:
«Այս բոլոր հանդիպումներում մենք մի նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանը դիրքավորել որպես լիարժեք անկախ եւ ինքնիշխան պետություն, որ խնամակալության կարիք չունի, այլ կարող է հասկանալ ինքն իր կարիքներն ու հարցերը, կարող է ինքը կայացնել իր հարատեւության, հարատեւության եւ ոչ թե գոյատեւության համար անհրաժեշտ որոշումներ։ Եվ մենք հասել ենք այդ նպատակին»,–կարծում է Փաշինյանը։
Թուրքասիրության եւ ադրբեջանամետության մեղադրանքներին նա պատասխանել է, թե իրենց խնդիրն է՝ սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանն ու միջավայրը եւ թույլ չտալ, որ մեր տարածաշրջանին առերեսվելու մեր պատմական, այո՛ արդարացված վախերն օգտագործվեն մեզ կառավարել խաղացնելու, ինքնուրույն ու ինքնիշխան լինելու մեր կամքը կոտրելու համար։
«Դարակազմիկ փոփոխություններ են տեղի ունենում մեր տարածաշրջանում․ անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի տարածքով գնացքները բեռներ են բերում Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրի առաջին նշաններն են ի հայտ գալիս, ապրանքի ձեռքբերման առաջին խոշոր դեպքերն են արձանագրվել»,–հիշեցրել է նա։
Նշել է, ոե սա է իրական խաղաղության միակ բանաձեւը։
«Այս է պատճառը, որ 2025 թվականի մարտին հայտարարեցի Ղարաբաղյան շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Այստեղ առանցքայինն այն է, որ թե այս, թե 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված եւ իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն»,–կարծում է ՀՀ վարապետը։
Միակողմանի զիջումների գնալու մեղադրանքին նա պատասխանել է, թե ճշմարտությունն այն է, որ մենք ոչ մի, բացարձակապես ոչ մի զիջման չենք գնացել, մենք գնացել ենք մեր պետության հարատեւության օրակարգի հետեւից, մենք գնացել ենք մեր պետության շահի հետեւից։
Վստահեցրել է, թե 2026 թվականին արտահայտվելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վերելքը։
«2026 թվականը տնտեսական ու ներդրումային մեծ աշխուժություն է խոստանում, որովհետեւ մեկնարկելու է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» նախագծի իրագործումը, որն ինստիտուցիոնալ կդարձնի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը»,–ասել է նա
Ընդգշել է, որ 2026 թվականի կարեւորագույն իրադարձությունը, սակայն, Ազգային ժողովի՝ հունիսին կայանալիք հերթական ընտրություններն են։ Այդ ընտրություններում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անշրջելիորեն պետք է տեր կանգնի իր ստեղծած խաղաղությանը, իր վերահաստատած պետությանը, իր, այսինքն՝ ժողովրդի իշխանությանը։
«Ընտրությունները կլինեն ազատ, արդար, ժողովրդավարական եւ ժողովուրդը կհաղթի, Հայաստանի Հանրապետությունը կհաղթի։ Ապագան կհաղթի, որն այսօր է, այստեղ է, հիմա է»,–խոստացել է նա։
Փաշինյանի խոսքով` 2026 թվականը լինելու է համախմբման ու միասնության տարի։
Ամուր պահենք մեր հավատը, դժվարություններին դիմակայելու կամքը. Գարեգին Բ–ի ուղերձը