Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում Ռուսաստանի առանցքային խնդիրները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Հաշվի առնելով պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ Ռուսաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների հետագա համախմբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր նախագահության ընթացքում մտադիր է համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման գործում պահպանել շարունակականությունը և հատուկ ուշադրություն դարձնել միավորման ուժային բաղադրիչի ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ նշվում է, որ Մոսկվան կշարունակի Ղրղզստանի նախագահության ընթացքում մշակված նախաձեռնությունների իրականացումը: Հաշվի առնելով պահպանվող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ Ռուսաստանն ակնկալում է ՀԱՊԿ անդամ երկրների համախմբում, դաշնակցային կապերի ամրապնդում և միջազգային հիմնական հարցերի շուրջ համակարգման խորացում։
«Հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը՝ նախատեսվում է շեշտը դնել ՀԱՊԿ հավաքական ուժերի մարտական ներուժի ավելացման, դրանք ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ և տեխնիկայով զինելու վրա», - նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է ռազմական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացի ապահովման, ՀԱՊԿ երկրների պաշտպանական-արդյունաբերական համալիրների զարգացման և նրանց միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը:
Ռուսաստանի նախագահության այլ առաջնահերթությունների թվում նշվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ համատեղ պայքարի հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ հակազդեցությունը:
Լավրովը ՀԱՊԿ գործընկերներին աջակցելու հարցում հայտնել է վստահություն և 2026 թվականին ակտիվ համատեղ աշխատանքի պատրաստակամություն: