Ղազախստանում կկառուցվի դեղագործարան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ արտադրանք արտահանելու համար

Համալիրը հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով և նախատեսված կլինի 58 անուն դեղամիջոցների թողարկման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ղազախստանի հարավային՝ Ալմա Աթայի մարզում ամբողջական ցիկլի կենսաբժշկական համալիրի կառուցման համար կիրականացվեն ավելի քան 200 միլիոն դոլար ներդրումներ: Ըստ Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության՝ համապատասխան որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Օլժաս Բեկտենովը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նախագծի արժեքը կազմում է 103 մլրդ թենգե (մոտ 204 մլն դոլար): Թողարկվող արտադրանքի մի մասը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԱՊՀ, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ այլ երկրների շուկաներ:
Ծրագրի իրականացումն ուղղված է տեղական արտադրության ընդլայնմանը, կայուն արտադրական բազայի ձևավորմանը և սոցիալապես նշանակալի դեղամիջոցների ներմուծման փուլային փոխարինմանը: Համալիրը հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով և նախատեսված կլինի 58 անուն դեղամիջոցների թողարկման համար, ներառյալ տեխնոլոգիական ցիկլի շրջանակներում ակտիվ դեղագործական բաղադրիչների ամբողջական արտադրությունը:
Ձեռնարկության արտադրական պորտֆելը կներառի 27 միջազգային ոչ պատենտ անուն, այդ թվում՝ օնկոլոգիական, աուտոիմունային, հազվագյուտ և բորբոքային հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցներ:
Օբյեկտի շինարարությունը նախատեսվում է Ալատաուի հատուկ տնտեսական գոտու տարածքում։ Նախագիծն իրականացվում է Ղազախստանի առողջապահության նախարարությունը՝ «Khan Tengri Biopharma» ընկերության հետ համատեղ: Ակնկալվում է, որ ձեռնարկությունում կստեղծվի ավելի քան 180 մշտական աշխատատեղ: