Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հրշեջ մեքենան Մոլդովական փողոցում
Տուժածների մեջ հրշեջներ և երեխաներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/4 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 1-ին, ժամը 14։46-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16։13-ին։
Shamshyan.com–ի տեղեկություններով էլ շենքի բնակիչ մի քանի երիտասարդ տղաներ, մինչ հրշեջների ժամանելը, կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել մի տատիկի, ում տեղափոխել են հիվանդանոց։
Շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու՝ միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ են։ Շամշյանի տեղեկություններով` տեղում շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ էին ստացել։