ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Խերսոնի մարզում սրճարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվն արդեն գերազանցել է 24-ը։ Ըստ մարզպետ Վլադիմիր Սալդոյի՝ նրանց թվում կան երեխաներ։
«Խերսոնի մարզում զոհերի թիվն աճում է՝ անօդաչու թռչող սարքի հարվածի վայրում փլատակների մաքրման աշխատանքներին զուգահեռ: Ցավոք, նրանց մեջ կան երեխաներ»,- ասել է նա RT-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքով թիրախային հարված են հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլիի սրճարանի և հյուրանոցի վրա, որտեղ քաղաքացիները նշում էին Նոր տարին։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման վերաբերյալ։
Այսօր առավոտյան Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ սրճարանի և հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է 3 ԱԹՍ-ների կիրառմամբ: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24 մարդ, առնվազն 50-ը, այդ թվում՝ 5 երեխա, վնասվածքներ են ստացել:
Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ, բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։