ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Իրանում բողոքի ակցիաների ֆոնին, որոնք բռնկվել են ֆինանսական ճգնաժամի պատճառով, ձերբակալվել են Թեհրանի համալսարանի չորս ուսանողներ: Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը՝ հղում անելով տեղական Shargh թերթին:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ դեկտեմբերի 29-ին ձերբակալվել է 11 անձ։
Հայտնել էինք, որ իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում առևտրականների և գործարարների խմբեր են հավաքվել Թեհրանի «Չահարսու» առևտրի կենտրոնում և Լալեզար փողոցում: Բողոքի ակցիաների գլխավոր հարցը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:
Sputnik Արմենիայի հետ զրույցում իրանագետ Նվեր Դավթյանը նշեց, որ Իրանում առևտրականների դժգոհությունները օբյեկտիվ պատճառներ ունեն , բայց եթե իրավիճակը չլուծվի, այն կարող է հանգեցնել լուրջ սոցիալական և քաղաքական հետևանքների։
Դավթյանը նշում է, որ այսօր ակցիա է տեղի ունեցել Ֆարս նահանգի Ֆաս շրջանում։ Մի խումբ տնտեսվարողներ փորձել են բողոքի ձայնը բարձրացնել տեղի համայնքապետարանի շենքի մոտ։ Սակայն ակցիան վերածվել է միջադեպի, ակտիվիստները կոտրել են դուռը, փորձել են մուտք գործել շենք։ Միջամտել են իրավապահները, ինչից հետո նրանց մի մասը փախուստի են դիմել։ Ոստիկանությունը պարզել է 8 ցուցարարների ինքնությունը, որոնցից 4-ը ձերբակալվել են։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ արդեն հերքվել է այսօր տարածված տեղեկությունը, թե այս ակցիայի ընթացքում կրակոց է հնչել, ինչի արդյունքում էլ երիտասարդ տղա է տուժել։
«Այսինքն կան հակապետական ու հակաիրանական արտաքին լրատվական միջոցներ, որոնք փորձում են օգտվել առիթից, նման տեղեկությունուններ տարածել ու հանրային դժգոհությունների ալիք բարձրացնել»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 30-ին Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանն իրեն «լավ չի պահում», ինչը, նրա խոսքով, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Նա հավելել է` գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ` ակնարկելով 12-օրյա պատերազմը։