ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 17:35-ի սահմաններում Երևանի Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներ։
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ, հոսանքազրկվել են։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել էր էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 2 օր հոսանք չկար։