ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Որմնադիրների փողոցի (Սարի թաղ) տներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սստացվել է այսօր` ժամը 12։09-ին։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի վերաբերյալ shamshyan.com–ն էլ գրում է, որ կրակը որը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։ Կրակի տարածման դեմ սկզբում պայքարել են տանտերերն ու հարևանները։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։
«Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, ծխահարվել են, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել»,–գրում է կայքը։
Պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի։ Ըստ տեղեկությունների՝ կրակը բռնկվել Է տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից։ Նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին։