ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի ագրեսիայի դեպքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին:
Շամխանիի խոսքով՝ իրանական հրթիռային ծրագիրը վերահսկելի չէ և որևէ մեկի թույլտվություն չի պահանջում:
«Ցանկացած ագրեսիա անհապաղ բախվելու է կոշտ պատասխանի, որը կգերազանցի այն պլանավորողների բոլոր սպասումները»,– իրանցի քաղաքական գործչի խոսքը մեջբերում է The Jerusalem Post–ը:
Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական դոկտրինի համաձայն` պատասխան միջոցները մշակվում են նախքան սպառնալիքների կյանքի կոչումը:
Ավելի վաղ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր` եթե Իրանը շարունակի զարգացնել միջուկային ծրագիրը, հետևանքներն ավելի լուրջ կլինեն, քան նախորդ անգամ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ չի ցանկանում վառելիք ծախսել B–2–ների վրա՝ ռազմավարական ռմբակոծիչների վրա, որոնք մասնակցել են այս տարվա հունիսին իրանական միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ժամանակ: