Թուրքիան հետևում է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին․ աղբյուր

Գործակալության զրուցակիցն ասել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով նախաձեռնած բանակցային գործընթացին և կոնկրետ արդյունքներ է ակնկալում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ բանակցություններից հետո նրանք հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփը հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպումից առաջ շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հետևում ենք գործընթացին, դրական հայտարարություններ կան։ Կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում», - ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա նաև նշել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած միջնորդական օգնություն տրամադրել, եթե կողմերը դիմեն։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։
«Նա դերասան է». Պուտինը` Կուպյանսկի սյան ֆոնին Զելենսկու տեսանյութի մասին